Մատչելիության հղումներ

«Անտառ չի մնացել». բնապահպաններն Իջևանի անտառում ծառահատումների մասին են ահազանգում


Հատված ծառեր՝ Իջևանի անտառում, օգոստոս, 2025 թ.
Հատված ծառեր՝ Իջևանի անտառում, օգոստոս, 2025 թ.

Իջևանի անտառում ծառահատումների մասին են ահազանգում «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամները. «Այստեղ ավերակ է, ժողովուրդ, կտրած ծառեր են, հենա, դրուբի ձայն լսվեց, այս տարվա կտրածներ են, թեփերը թարմ, էստեղ էլ անտառ չի մնացել», - պատմում է «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը:

Բնապահպանական հարցերով հանրային դիտարկում իրականացնող նախաձեռնության ներկայացուցիչները կտրված ծառերի հետքերով մոտ մեկ կմ են շարժվել ու արձանագրել՝ ծառագողերը երկու տասնյակ ծառ են տապալել միայն Իջևանի անտառի մի փոքր հատվածում. «Մի քանի օր հետևեցինք, շարժը շատ էր, մեքենաներով բարձանում էին, փայտերով բարձված իջնում են: Նպատակը բոլոր կտրած ծառերը գտնելն ու հաշվելը չէր, այլ, թե ինչո՞ւ է այս աստիճանի անտերություն կատարվում»: Երկար տարիներ ծառահատումների մասին բարձրաձայնող Գոռ Հովհաննիսյանն ասում է՝ շատ դեպքերում հենց տեղացիներն են իրենց հայտնում կոնկրետ դեպքերի մասին։ Հարց է բարձրացնում՝ ինչո՞վ են զբաղվում պատասխանատուները, երբ անտառահատումները շարունակվում են. «Կան նաև վերահսկող մարմիններ, ովքեր այդ հանցավոր անգործությանը պետք է վերահսկեն, ի հայտ բերեն ու պատժեն: Արդեն ցանկություն է առաջանում այդ մարմիններին հարցեր տալու: Սա ո՛չ հարց էր, ո՛չ մեղադրանք, այլ ընդամենը փաստի ֆիքսում, որ այնտեղ մեծ շարժ կա, գտել ենք շատ խախտումներ»:

Իջևանի անտառի տարածքում ծառայությունն են իրականացնում էկոպարկեները, արդյո՞ք նրանք ևս արձանագրել են ծառահատման դեպքերը։ Կառույցի կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետն ասում է՝ էկոպարկներն ահազանգի հետքերով ուսումնասիրություն են սկսել։ Պաշտոնյան հաստատում է՝ նախնական տեղեկությամբ ծառահատումներ կան, բայց թե դրանք ինչ չափերի են հասել՝ ասում է՝ կպարզի ուսումնասիրությունը։ «Սա առաջին դեպքը չէ, որ «Բնապահպանի տուն» կազմակերպության կողմից ներկայացված տեղեկատվության հիմքով էկոպարեկային ծառայությունը գործողություններ է նախաձեռնում: Եթե խնդիրներ չլինեին, էկոպարեկային ծառայության ստեղծումն էլ հիմնավորված չէր լինի, և հենց ծառայությունը ստեղծվել է խնդիրների դեմ պայքարելու համար: Այս դեպքով ասեմ, որ ծառայությունն արագ արձագանքել է հրապարակմանը, ներքին անվտանգության և կենդանական ու բուսական աշխարհին պատճառած վնասի ստորաբաժանման փորձագետներն արդեն դեպքի վայրում են, տեղազննություններ են իրականացնում, աշխատանքները դեռ շարունակվում են, ավարտված չեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց էկոպարեկային ծառայության ներկայացուցիչ Էդուարդ Կարապետյանը:

էկոպարեկային ծառայության տվյալներով՝ ծառահատումները պարբերական են ոչ միայն Իջևանի անտառում, այլև այլ մարզերում։ Կարապետյանի, խոսքով, սակայն, վերջին տարիներին անտառահատումների աճ չի գրանցվել, ասաց նաև՝ բացահայտման դեպքերն են ավելացել էկոպարակային ծառայության ներդրմամբ։

Չնայած այս պնդմանը՝ պաշտոնյան այսօր հստակ թվեր չնշեց, թե օրինակ, անցած տարվա ընթացքում քանի՞ ծառ է հատվել ողջ Հանրապետությունում: Միայն նշեց՝ Իջևանի անտառում 2024-ի առաջին երեք ամիսներին 637 ծառ է հատվել, իսկ այս տարվա երեք ամիսներին՝ 350։

Հենց պաշտոնական տվյալներով, սակայն, Հայաստանում անտառածածկ տարածքները նվազում են: Եթե 90-ականներին Հանրապետության ավելի քան 11 տոկոսն էր անտառածածկ, ապա վերջին պաշտոնական տվյալով՝ այն 9.7 տոկոսի է հասել: «Դեպքեր պարբերաբար լինում են, ես ընդհանուր դինամիկան կարող եմ ասել, որ նախորդ տարիների համեմատ՝ ապօրինի ծառահատումների աճ չի դիտարկվել: Օրինակ՝ 2024 թվականին Բերդի տեղամասում դեպքերի թիվը եղել է 13, հատվել է 512 ծառ: Որոշ տարածքներում նույնիսկ նվազում ունենք, որը մենք կապում ենք էկոպարեկային ծառայության կողմից որդեգրած նոր մոտեցումներով և աշխատանքի կազմակերպման նկատմամբ ավելի բարձր հսկողություն իրականացնելով», - ասաց Կարապետյանը:

Իջևանում ապօրինի ծառահատումների արգելքը դեռ 2019-ին բախվել էր տեղացիների բողոքի մեծ ալիքին։ Իջևանցիները միջպետական ճանապարհն էին փակել, որն ուղեկցվել էր ոստիկանների հետ բախումներով։ Դեպքից հետո, քրեական գործեր հարուցվեցին, սակայն, անտառհատումները շարունակվում են։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG