Մատչելիության հղումներ

Գալստանյանն ու ևս 5 մեղադրյալ կշարունակեն մնալ կալանքի տակ

Լրացված

Դատարանն այսօր մեկը մյուսի հետևից երեք ամսով երկարաձգեցահաբեկչության և իշխանության յուրացման փորձի գործով մեղադրյալների կալանքը: Դատարանը հաշվի չառավ փաստաբանների բոյկոտն ու նրանց բացակայությամբ քննեց դատախազների միջնորդությունը: Երեկվանից դատարանը քննեց յոթ մեղադրյալի կալանքի հարց՝ ազատ արձակելով միայն մեկին:

«Ես այնքան լավ եմ զգում ինձ, չափազանց լավ եմ զգում ինձ, որ այլ որոշում Դուք չկայացրեցիք, որովհետև դա ինձ համար մահ կլիներ։ Հայտնվել մի այնպիսի պայմաններում, որ մեր երկիրը հանձնված իրավիճակում է, և հանկարծ դրսում՝այսպես կոչված դրսում, ես հիմա ազատության մեջ եմ կատարյալ իմաստով և շնորհակալ եմ Ձեզ, որ իմ ազատության ժամկետը երկարացրեցիք», - հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Իր կալանքը երկարաձգելու որոշման հրապարակումից հետո Գալստանյանը շնորհակալություն հայտնեց դատավոր Կարեն Ֆարխոյանին «ազնիվ և առանց խաբեության դրսևորման համար»: Ասաց՝ այլ բան չէր էլ ուզում այս գործով միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի կալանքի երկարաձգումից հետո. - «Լիդիա Մանթաշյանի կալանավորումը երկարացնելուց հետո ես գետնի տակը պիտի մտնեի, ամո՛թ ինձ, եթե ես դուրս գայի այդ միջավայրից։ Շնորհակալություն Ձեզ, որ չարեցիք այդ քայլը»:

18 մեղադրյալներից արդեն երեքն են ազատության մեջ, մնացածն արդեն երկու ամիս է՝ բանտում են: Այսօր մեղադրյալների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ներկայացնելիս դատախազները մի հիմք էին վկայակոչում՝ ազատության մեջ նրանք կխոչընդոտեն գործի քննությանը: Բագրատ սրբազանի դեպքում դատախազը նաև նշեց՝ ռիսկ կա, որ հոգևորականն ազատության մեջ կարող է փախչել երկրից:

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ներկայացվող առերևույթ հանցավոր արարքների կատարման մեջ ամենաակտիվ դերակատարումը հենց մեղադրյալինն է եղել, և, ըստ էության, մի շարք գործողություններ համաձայնեցվել, համապատասխանեցվել և հարմարեցվել են մեղադրյալին, մեղադրյալի կարծիքին: Դրանով պայմանավորված՝ կարծում եմ, որ դատարանը պետք է ուշադրության կենտրոնում պահի նաև մեղադյալի ակտիվ դերակատարումը», - հայտարարեց դատախազ Ծովակ Մնացականյանը:

Արքեպիսկոպոսը հակադարձեց՝ որևէ տեղ գնալու ցանկություն չի ունեցել ու չի էլ ունենա: Իր ելույթում նա քննադատեց վարչապետի վարած քաղաքականությունը, հիշեց Կիրանցում անցած տարի իրականացված մասնակի սահմանազատման արդյունքում Ադրբեջանին վերադարձված չորս գյուղերը: Տավուշի թեմի առաջնորդն իր քաղաքական պայքարը սկսեց գյուղերի վերադարձի որոշումից հետո, ոտքով հասավ Երևան ու մայրաքաղաքում անցած տարի մի քանի ամիս փողոցային ակցիաներ էր անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Եկել է Ոսկեպար և Կիրանց գյուղեր և ահաբեկել իրեն ընտրած ժողովրդին, ահաբեկել իմ ժողովրդին, ում հովվական ծառայության պատասխանատվությունը ես ունեմ: Սա էս դատարանում զգալի, հասկանալի՞ է: Չգիտեմ, միգուցե», - հայտարարեց Գալստանյանը:

Բագրատ սրբազանը խոսեց նաև իրեն վերագրվող հանցագործությունից, պնդեց՝ իրեն ու մեկ այլ գործով մեղադրյալ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին ԱԱԾ մեկուսարանում գաղտնալսել են, փորձել կապ գտնել իր ու նրան վերագրվող հանցանքի միջև:

«Ես ոչ թե մեղադրանք եմ գնահատում, այլ, ինչպես մեր խոստովանության աղոթքի մեջ նշված, ես գնահատում եմ էդ բոլորը չարաբանություն, ստախոսություն, բանսարկություն ... », - ասաց արքեպիսկոպոսը:

Մի քանի մեղադրյալի կալանքը երկարաձգելուն զուգահեռ՝ դատավորը մեղմացրեց զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանի խափանման միջոցը՝ նրան տալով եռամսյա տնային կալանք:

Դատավորը թույլ տվեց Ռոստոմյանին շաբաթն առնվազն երկու անգամ հատուկ ուղեկցությամբ այցելել Եռաբլուր՝ որդու շիրիմին:

Ռոստոմյանն իր ելույթում պնդեց՝ ինքը ահաբեկիչ չէ, իր բնակարանից ու մեքենայից որևէ անօրինական առարկա չեն հայտնաբերել, դեռ տարիներ առաջ է պայքարի ելել բախտակից ծնողների հետ ու էլի կշարունակի պայքարը: Հիշեցրեց, որ վարչապետն է խորհրդարանի ամբիոնից ասել, որ կարող էին կանխել պատերազմը, կլիներ նույն վիճակը, բայց՝ առանց զոհերի: Նրան մեղադրեց 44-օրյա պատերազմում զինվորների մահվան համար ու հարցրեց՝ այդքանից հետո իրե՞ն են մեղադրում սպանություն պլանավորելու համար:

«Ես որևէ բան չեմ արել, ինձ ասում եք տեռորիստ», - հայտարարեց արա Ռոստոմյանը:

Դատական ամբողջ նիստն ընթացավ առանց փաստաբանների, որոնք այսօր եկել էին, բայց ի նշան բողոքի բոյկոտեցին:

«Պաշտպանների չներկայանալը՝ խափանման միջոցների քննարկման հետ կապված, խոչընդոտ չէ դատական նիստը շարունակելու համար՝ հաշվի առնելով, որ վերջիններս պատշաճ ծանուցված են», - հայտարարեց դատավոր Կարեն Ֆարխոյանը:

Փաստաբանները պնդում են, թե դատավարությունն ընթանում է կոպիտ խախտումներով. Վահան Հովհաննիսյանն օրինակ բերեց. ասաց՝ դեռ երեկ մեղադրյալ Հրայր սարկավագն առանց փաստաբանի էր նիստին, բայց դա չխանգարեց դատավորին շարունակել դատավարությունը: Մյուս օրինակը մեղադյալ Լիդյա Մանթաշյանին կալանավորելու որոշումն էր, ասաց:

Հաջորդ դատական նիստը վաղն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG