Մատչելիության հղումներ

«Խայտառակ վիճակ է». հայ վարորդները շարունակում են դժգոհել Լարսի հերթերից, նախարարն ասում է՝ գուցե առանձին դեպքեր են


Ներկայանալ չցանկացող բեռնատարի վարորդը, որ տարիներ շարունակ Վրաստանի տարածքով Ռուսաստանից հեղուկ գազ է բերում Հայաստան, «Ազատության» հետ զրույցի պահին դեռ ճանապարհին էր: Ասաց՝ սովորաբար այդ երթուղին 4-5 օր է տևում, վերջին ամիսներին կրկնակի՝ 9-10 օր: Նրա խոսքով՝ հիմնական պատճառը վրացի մաքսավորների վատ վերաբերմունքն է ու արհեստական հերթերը. «30-40 կմ ձգվող հերթեր, խայտառակ վիճակ է: Վրաստանի բոլոր հավաքակայաններում բոլորում էլ նույն խնդիրը կա: Ռուսական, վրացական մեքենաները մտնում են ստայանկեքը ու շատ կարճ ժամանակում դուրս են գալիս, իսկ հայկական բեռնատարները 4 օր, 3 օր, 5 օր նույն մեքենան վրացին է վարում, նույն մեքենան՝ հայը, նույն բեռն է տանում, բայց չգիտես՝ ինչու իրենք շուտ են դուրս գալիս, հայերը՝ չէ»:

Թեև մեր զրուցակիցը պնդում, է որ այս խնդիրն արդեն ամիսների պատմություն ունի, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր «Ազատությանն» ասաց՝ գուցե դրանք առանձին դեպքեր են, որոնք ուսումնասիրության կարիք ունեն: Նախարարը հերթերը պայմանավորեց իր որակմամբ՝ արտահանման աճով: Բայց շարունակեց՝ խնդիրներ հաճախ առաջանում են փաստաղթերի պատճառով. «Դրանք կարող է պայմանավորված լինել մեծ ծավալի տարբեր տեսակի թղթերի հետ. օրինակ՝ ծիրանի դեպքում հուլիսին ունեինք 58 տոկոս աճ, բայց նենց տպավորություն կար, որ ծիրանի հետ կապված խնդիր կա, բայց ոչ մի խնդիր էլ չկա: Մենք 2500 մեքենա ծիրան էինք արտահանել Ռուսաստանի Դաշնություն, ընդամենը15 մեքենա, ժողովուրդ, ուղիղ պետք է ասեմ, կեղծ թղթեր են տարել, բա կեղծ թղթերով արտահանման ժամանակ բա երկիր է, բա ինչ կանի»:

«Ազատության» զրուցակիցն ասում է՝ Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհներին, կիլոմետրերով ձգվող հերթերում նաև թեթև մարդատար մեքենաներ են: Բայց հատկապես բեռնատարներն, ըստ նրա, հիմնականում հենց հավաքատեղիներում են օրեր անցկացնում. «Ոչ մի պայման չկա. ոչ ջուր կա, ոչ մի բան: Սարերի մեջ կանգնած են վարորդներն ու սպասում են իրենց հերթին»:

«Ազատության» զրուցակիցը ցանկանում է այդ հերթերում հայաստանցի պաշտոնյաների տեսնել: «Այսքան պատմելու փոխարեն, թող իրենց աչքով գան տեսնեն»,- ասաց նա: Վարորդն ասում է՝ կաշառքի դիմաց ներկրվող գազի թեմայի շուրջ աղմուկը մարեց, խնդիրը, սակայն, չլուծվեց: Ըստ նրա՝ հեղուկ գազով բեռնված մեքենաների վարորդներն ու նրանց գործատուները շարունակում են զարտուղի ելքեր գտնել, որ իրենց ապրանքը գոնե ժամանակին Հայաստան հասնի. «Մեր պատկան մարմինները որ ասում են՝ հարցը լուծվել է, դուք չեք լուծել հարցը, հարցը լուծել են տնտեսվարողները. իրենք իրենց գրպանից հավելյալ գումար վճարելով՝ այդ մեքենաները դուրս են հանում Վրաստանի տարածքից: Ստացվում է, որ այդ ավել գումարը վճարում ենք մենք՝ հասարակությունը, թանկ վճարում են գազը գնում ենք, էդ մարդն էլ իրա ծախսած գումարը հետ է բերում»:

Էկոնոմիկայի նախարարը դեռ շաբաթներ առաջ էր դիմել Հակակոռուպցիոն կոմիտե՝ պահանջելով, որ իրավապահները ստուգեն հեղուկ գազի ներկրման ընթացքում Վրաստանում վերցվող կաշառքի մասին ենթադրյալ լուրերը։ Կոմիտեից այսօր էլ փոխանցեցին՝ քրեական գործ դեռ չի հարուցվել: Ի սկզբանե, նախարարի այս դիմումը տարօրինակ էր թվացել այն վարորդներին, որոնք պնդում էին՝ վրացական անցակետերում իրենցից գումար են պահանջում, որ Ռուսաստանում հեղուկ գազով բեռնված մեքենան թույլ տան Հայաստան մտնի: Ասում էին՝ Հայաստանի իրավապահներն ի՞նչ կապ ունեն վրացական կողմում ծագած խնդիրների հետ:
«Կար տեղեկատվություն, գոնե ինձ ներկայացված, որ Հայաստանի քաղաքացիները Հայաստանի տարածքում ինչ-որ ներգրավվածություն ունեցել է։ Եթե չի հարուցվել, ենթադրաբար չի հաստատվել», - ասաց նախարարը:

Պապոյանը, պատասխանելով «Ազատության» հարցերին, ասաց՝ ինքը միշտ հանդիպում է տնտեսվարողների հետ, բայց չմանրամասնեց՝ հեղուկ գազի ներկրման հետ կապված ենթադրյալ կաշառքի թեմայով խոսե՞լ են, ասաց՝ գազի ներկրման այլընտրանքներ են փնտրում. իրանական կողմի հետ քննարկել են այդ հարցը. «Դիվերսիֆիկացիայի համար կարևոր բան է, մենք հիմա մի տեղից ենք ստանում, 2-րդ տեղից էլ կարող ենք ստանալ, և դա մրցակցությունը կավելացնի, գները ենթադրում եմ կիջնի, այն խոչընդոտները, որի մասին սոցիալական ցանցերում, մամուլում խոսվում է, ենթադրում եմ այդ խոչընդոտների նվազեցմանը կբերի»:

Վերջին 3-4 ամիսներին բողոքի ակցիաներ էին անում նաև հայկական կոնյակ արտահանողները: Պնդում էին՝ Վրաստանը ստուգման պատրվակով շաբաթներով, հաճախ նաև ամիսներով կանգնցնում է իրենց բեռնատարները, դրա հետևանքով իրենք ռուսական շուկայից դուրս էին մնում ու միլիոնավոր դրամների վնաս կրում: Մի քանի անհաջող փորձից հետո միայն Էկոնոմիկայի նախարարին հաջողվել էր հանդիպել վրացի գործընկերների հետ ու քննարկել այս հարցը: Արտահանողների փոխանցմամբ՝ արդեն վերջին 1-2 շաբաթների ընթացքում որոշ տեղաշարժ գրանցվել է։ Վրացի մաքսայիններն իրենց բեռների ստուգումների ժամկետները կրճատել են: Սակայն, թե ինչու է Վրաստանը ստուգում մի ապրանք, որը չի մնում իր շուկայում, այլ վաճառքի համար ուղղվում է Ռուսաստան, արտահանողների համար մնում է անպատասխան. իրենց ոչ մեկը չի բացատրում, թե ինչո՞ւ են վրացի մաքսայինները հենց հայկական բեռնատարներն օրերով պահում հավաքատեղիներում: Վրացական կողմից այս դժգոհություններին մեկ անգամ են պատասխանել. սովորական մաքսային ընթացակարգ է, ոչ մի արտասովոր բան:

XS
SM
MD
LG