Երևանն ու Բաքուն դեռ չեն հստակեցրել՝ ինչ կարգով է տեղի ունենալու երկու երկրների քաղաքացիների ու բեռների անցումն Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով, Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, սակայն, հայտնեց՝ ադրբեջանական կողմի հետ քննարկումների ընթացքում տարբեր գաղափարներ ու առաջարկներ են հնչել:
«Էս մանրամասներով չենք խոսել: Պայմանավորվածությունը այն է, ինչ հրապարակված է: Էդ էլ կա, չէ՞, որ ասում են՝ այ, մենք գիտենք, որ հա, էս հրապարակված մասն ա, բայց ինչքան հրապարակված ա, երկու էնքան էլ չհրապարակված ա: Չկա՛ չհրապարակված: Բայց, մյուս կողմից, եղել են քննարկումներ, եղել են բանակցություններ, եղել են գաղափարներ, եղել են իդեաներ: Աբու Դաբիում ենք քննարկել, Կազանում ենք քննարկել, օնլայն ենք քննարկել, երրորդ երկրներում ենք քննարկել: Շա՜տ իդեաներ կան, թե ինչպես ապահովել էդ ամեն ինչը, և այ գործնականում էդ իդեաներից, էդ գաղափարներից որոնցով կստեղծվի էդ կարգավորումները, որոնցով կամբողջանա՝ դա առաջիկա բանակցությունների առարկա է», - հայտարարեց վարչապետը:
Փաշինյանը ներկայացրեց անցման քննարկվող տարբերակներից մեկը. - «Նրանք, ովքեր կենսաչափական անձնագրերով ճամփորդում են, նրանք գիտեն, որ կենսաչափական անձնագրերով ճամփորդելու դեպքում շատ երկրներում այևս ընդամենը կենսաչափական անձնագիրը մոտեցնում են համապատասխան տեղում, ինքնաշխատ եղանակով ստուգումը և անձնագրային հսկողությունը տեղի ա ունենում, և մարդիկ շարունակում են իրենց ճանապարհը»:
Մինչ այդ, սակայն, վարչապետը պնդում է՝ և՛ Սյունիքով դեպի Նախիջևան տանող ու «Թրամփի ուղի» անունը ստացած ճանապարհին, և՛ Ադրբեջանի տարածքում՝ փոխադրումները փոխադարձության սկզբունքով են իրականացվելու։ Փաշինյանի դարձյալ շեշտեց՝ անկախ բանակցություններից, մաքսային պարզեցումները, ինչպես ինքը ձևակերպեց, չեն կարող դուրս լինել Հայաստանի տարածքային ամբողջականության, իրավազորության, սահմանների անխախտելիության սկզբունքներից ու փոխադարձությունից։
«Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապ՝ Հայաստանի տարածքով, Հայաստանի համար ներպետական, այսինքն՝ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, և միջազգային, այսինքն՝ Հայաստանից դեպի երրորդ երկրներ՝ Ադրբեջանի տարածքով, փոխադարձ, այսինքն՝ ինչպես Հայաստանն ա տրամադրում, այնպես էլ Ադրբեջանն ա տրամադրում ... Փոխադարձ բառը անխոչընդոտն էլ ա ներառում, ամեն ինչն էլ ... Փոխադարձ առավելություններով, այսինքն, եթե ինչպես Դուք եք ասում, չշոշափվելը առավելություն ա, ուրեմն, փաստաթղթի համաձայն, էդ նույն առավելությունը պետք ա ունենա Հայաստանի Հանրապետությունը: Էս ամեն ինչը գրված ա», - մանրամասնեց վարչապետը՝ արձագանքելով «Ազատության» հարցերին:
Փաշինյանն, ի դեպ, այսօր ասաց՝ «Թրամփի ուղի» նախագծով հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու, այլ ճանապարհի բիզնես կառավարումն է իրականացնելու։
Վարչապետը հայտարարեց, որ եթե Սահմանադրական դատարանն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը Սահմանադրությանը հակասող ճանաչի, կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ:
Հարցին՝ «եթե ժողովուրդը դեմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին, դա անդրադառնալո՞ւ է խաղաղության պայմանագրի ստորագրման վրա», Փաշինյանը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, թե ժողովուրդը դեմ կքվեարկի էն պարագայում, եթե հանկարծ պարզվի, որ դա որևէ ազդեցություն կարող է ունենալ խաղաղության գործընթացի վրա»: