Արդյոք Երևանին կհաջողվի՞ փարատել հարևան Թեհրանի մտահոգությունները, որ Սյունիքից Նախիջևան բացվող ճանապարհը՝ «Թրամփի ուղին», չի սպառնում իր շահերին:
Հայաստանի ու Իրանի ղեկավարների հանդիպումից ու բանակցություններից հետո էլ նախագահ Մասուդ Փեզեշքիանի մտահոգությունները կարծես թե փարատված չեն: Երեկ դեռ Երևանում Իրանի նախագահը X-ում գրեց՝ «մեր համատեղ սահմանին երրորդ ուժերի ներկայության մասին մեր մտահոգությունը պետք է փարատվի»:
«Երևանի բանավոր հավաստիացումները Իրանին չեն բավարարելու, և Իրանը փորձելու է ստանալ որոշակի մեխանիզմներ, որոշակի ինստիտուցիոնալ երաշխիքներ», - ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ կարծիք հայտնելով, որ այդ երաշխիքները հայ-իրանական տնտեսական հարաբերությունները զարգացնելուն ուղղված նոր փաստաթղթերն են:
Վաշինգտոնյան համաձայնագրի ֆոնին տնտեսական հարաբերություններն ավելի խորացնելու, գործընկերությունը ռազմավարական մակարդակի հասցնելու քայլեր են անում կողմերը։ Երկու երկրների կառավարությունները տնտեսական, առևտրային, կրթական, առողջապահական ու մի շարք այլ ոլորտներում համագործակցությունն ավելի սերտ դարձնելու, խորացնելու փաստաթղթեր ստորագրեցին:
Հակոբ Բադալյանը կարծում է, որ համագործակցության այս մասշտաբը պատահական չէր, այդպիսով Իրանը փորձում է Հայաստանին վստահելու հիմքեր ստեղծել։
«Կարծում եմ՝ Իրանի վերաբերմունքը պայմանավորված կլինի նրանով, թե այդ ստորագրված փաստաթղթերը ինչպիսի գործնականություն կստանան», - ասաց Բադալյանը:
Առևտրային տնտեսական պայմանավորվածությունների գործնական քայլերը ցույց կտան՝ Իրանի մտահոգությունները փարատվո՞ւմ են, թե՞ խորանում։ Այս փաստաթղթերը կյանքի կոչելու քայլերն էլ կլինեն վստահության մեխանիզմները, կարծում է Հակոբ Բադալյանը։
«Այս ծավալը, որ ստորագրվեց Իրանի համար հնարավորություն է ձևավորել հարաբերությունների այնպիսի մակարդակ, նոր աստիճան, նոր կապեր, նոր հանգույցներ, որը թույլ կտա Հայաստանի հետ հարաբերության առումով Իրանին լինել մի կողմից ավելի ներգրավված և ավելի ներկայացված, մյուս կողմից այդպիսով կառավարել նաև Հայաստանի շուրջ ունեցողը իր համար հնարավոր ռիսկերի չեզոքացման կամ առնվազն արդյունավետ կառավարման տեսանկյունից։ Եվ Երևանում Փեզեշքիանի այցի ընթացքում ձևավորվեց դրա որոշակի փաստաթղթային բազան», - նշեց քաղաքական մեկնաբանը։
Սյունիքով Ադրբեջանից Նախիջևան ճանապարհի կամ, ինչպես ձևակերպում է Բաքուն, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանը կոշտ դիրքորոշում ունի՝ կարմիր գիծ է, որ իր սահմանով անցնող ճանապարհը բացվի Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտմամբ։
Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրով ենթադրվում է, որ այդ ճանապարհի բիզնեսկառավարումը 99 տարով վարձակալությամբ կտրվի Միացյալ Նահանգներին։
Երևանում այս համաձայնագրին Փեզեշքիանն ուղիղ չանդրադարձավ, նորից շեշտեց՝ դեմ են, որ տարածաշրջանի հարցերը արտապատվիրակեն տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Համատեղ սահմանին երրորդ ուժերի ներկայության մասին մեր մտահոգությունը պետք է փարատվի. Իրանի նախագահ«Գտնում ենք, որ տարածաշրջանում ղեկավարումը պետք է լինի կովկասյան, և խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս գտնվող տերություններին կբարդացնի իրավիճակը տարածաշրջանում», - հայտարարեց Իրանի նախագահը։
Վարչապետ Փաշինյանը հավաստիացրեց, թե Ադրբեջանի հետ համաձայնագիրը տարածաշրջանում երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքներով ճանապարհներն ապաշրջափակելու մասին է, Իրանի ու Հայաստանի համար էլ երկաթուղային համագործակցության հեռանկար կբացվի:
«Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն դեպի Հայաստան և ի վերջո դեպի Սև ծով», - նշեց Փաշինյանը:
Երևանից վստահեցրել են, որ թույլ չեն տա Հայաստանի սահմանից Իրանի նկատմամբ որևէ սպառնալիք, բայց այս հավաստիացումներին հաջորդեց Փեզեշքիանի գրառումը։
Իրանագետ Ալեն Շադունցի կարծիքով՝ Երևանին հաջողվել է մեղմել Թեհրանի մտահոգությունները, բայց ամբողջությամբ փարատել՝ ոչ։
«Այս մտահոգությունները երբեք ամբողջությամբ չեն փարատվելու։ Եթե ամերիկացիներ գալու են տեղակայվեն, կարող է ուղղակի դրանց մասշտաբը կամ դրանց կշիռը փոփոխվի», - ընդգծեց Շադունցը:
Սյունիքով Նախիջևան ճանապարհի հարցին Իրանը նայում է մեծ զգուշավորությամբ, ասում է իրանագետ Շադունցը։ Այստեղ որոշիչ կլինեն նաև մանրամասները՝ ի՞նչ պայմաններով է Իրանի հակառակորդը՝ Միացյալ Նահանգները, հայտնվելու իր հյուսիսում։
«Ովքե՞ր են կոնկրետ գալիս, ի՞նչ լիազորություններ ունեն, ի՞նչ կարողություններ ունեն, այսինքն սա այն խնդիրներից մեկն է, որտեղ մանրամասները բավականին մեծ հարցեր կորոշեն», - ասաց իրանագետը։
«Թրամփի ուղղու» դետալները Հայաստանի կառավարությունը դեռ չի բացահայտում։