Հայաստանի կառավարությունը ավելի քան 3.2 միլիոն դոլար է ծախսելու Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում Հայաստանի էլեկտրական ցանցի հայցից պաշտպանվելու համար։ Համապատասխան հատկացումն արվեց կառավարության այսօրվա նիստում։
Հայաստանի շահերը Ստոկհոլմի արբիտրաժում ներկայացնելու է Arnold and Porter միջազգային իրավաբանական ընկերությունը։ 1946 թվականին ստեղծված իրավաբանական ընկերությունն աշխարհում ունի 16 գրասենյակ, 1000 աշխատակից, մասնագիտացած է կարգավորիչ մարմինների հետ վեճերի, մասնավոր սեփականության վեճերի, շուկայական վեճերի մեջ։ Իրավաբանական այս ընկերությունում է պաշտոնաթողությունից հետո աշխատում ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը։ Իրավաբանական այս ընկերությունը ներգրավված է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախաձեռնած ծննդյան հիմքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կարգավորումները վերացնելու որոշման դեմ՝ աջակցելով տարբեր իրավապաշտպան խմբերի։ Arnold and Porter-ի և նախագահ Թրամփի միջև իրավական վեճ էր սկսվել նաև 2020-ին, երբ ընկերությունը սկսեց զբաղվել ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների պաշտպանության Black Lives Matter շարժմանն աջակցելով։
Ըստ կառավարության հիմնավորման՝ Arnold and Porter-ը «հատկապես ներդրումային արբիտրաժային վարույթների շրջանակներում պետությունների շահերի պաշտպանության գործերով հաջողել է վերջին 60 որոշումներից 53-ում»։
Կառավարության կողմից ընկերությանը հատկացված 3.2 միլիոն դոլարը չի ներառում հարկերը, փորձագիտական, կեցության, տրանսպորտային, թարգմանչական, արբիտրաժային վարույթի ծախսերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունում վստահ են՝ ՀԷՑ-ի գործով արբիտրաժում չեն պարտվիՀայաստանի կառավարությունն ու իշխող մեծամասնությունը ՀԷՑ-ի դեմ գործողություններ սկսեցին, երբ ընկերության սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանն աջակցություն հայտնեց եկեղեցուն։ Կարապետյանի հայտարարությանը հաջորդեց օրենքի, որոշումների մշակում, որով ՀԷՑ-ի ղեկավարումը հանձնվեց «Քաղաքացիական պայմանագրի» անդամներին, ընկերության ղեկավար դարձավ ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։
ՀԷՑ-ի բաժնետեր ընկերությունը՝ Կիպրոսում գրանցված Liormand Holdings Limited-ը, այս ողջ գործընթացն ապօրինի ու քաղաքական որակելով, դիմեց Ստոկհոլմի արբիտրաժային դատարան։ Թեպետ դատարանը որպես միջանկյալ միջոց պահանջեց կառավարությունից ձեռնպահ մնալ ՀԷՑ-ում ղեկավարներ նշանակելուց, ընկերության գործերին միջամտելուց, սակայն որոշումը մնացել է դեռ միայն թղթի վրա։
Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան