Մոսկվան ու Բաքուն առաջնահերթություն են համարում երկկողմ էներգետիկ համագործակցությունը և տրանսպորտային կապերի զարգացումը. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

Ռուսաստանը և Ադրբեջանը առաջնահերթություն են համարում երկկողմ էներգետիկ համագործակցությունը և տրանսպորտային կապերի զարգացումը, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Աստրախանում ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստում։
«Ռուս-ադրբեջանական հարաբերությունները փոխշահավետ են։ Մեր առաջնահերթությունների թվում են տարածաշրջանում տրանսպորտային կապի զարգացման համատեղ աշխատանքը, փոխադարձ հաշվարկներում անկախ ֆինանսական ճարտարապետության ամրապնդումը, էներգետիկ ոլորտում համագործակցությունը, արդյունաբերական համագործակցության զարգացումը, այդ թվում՝ նավաշինության և գյուղատնտեսության ոլորտներում, և համագործակցությունը Կասպից ծովում»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան հիշեցնելով, որ Մոսկվան շարունակում է մնալ Ադրբեջանի երեք խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը։

Այս շաբաթ Երևանում էին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ընթացիկ թեմաների։ Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների դինամիկային, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։