Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ:
Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ընթացիկ թեմաների։ Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների դինամիկային, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Փոխվարչապետի հետ Հայաստան է ժամանել նաև Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:
Օվերչուկը դեռ անցած շաբաթ էր հայտնել , որ Երևան կայցելի՝ Փաշինյանի հետ քննարկելու «որոշ նրբություններ, որոնք կապված են նախ և առաջ Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հետ»։
ՌԴ փոխվարչապետը հայտարարել էր նաև, որ Մոսկվան աջակցում է Երևանին Բաքվի հետ «Թրամփի երթուղի» կոչվող «տրանսպորտային միջանցք» ստեղծելու ծրագրերում, եթե Երևանն անհրաժեշտ է համարում: