Շուրջ մեկ տարի է՝ իրավապահներին չի հաջողվում Հայաստան վերադարձնել հետախուզվող ու խուլիգանության և կողոպուտի համար մեղադրվող Նվեր Ծառուկյանին: Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ կրտսեր Ծառուկյանը դեռ չի հայտնաբերվել, բայց քրեական գործը փակված չէ:
Մինչ իրավապահները հարուստ գործարարի որդուն են որոնում, փաստաբան Էմին Խաչատրյանը դեռ անցած տարի էր բացահայտել կրտսեր Ծառուկյանի գտնվելու վայրը. - «Գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս: Հիմա կարող է երկու օրը մեկ ինքը գնա Բելառուս, հետ գա Ռուսաստանի Դաշնություն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Որտե՞ղ է Գագիկ Ծառուկյանի հետախուզվող որդինՆվեր Ծառուկյանի մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել նախորդ տարի՝ Ծաղկաձորի խաղատներից մեկում, կրակոցներ էին հնչել: Իրաավապահները նշում էին, որ միջադեպից հետո Նվեր Ծառուկյանն ու նրա թիկնապահները հեռացել են դեպքի վայրից՝ իրենց հետ տանելով խաղատան DVR սարքերը, որոնք պահպանում են տեսախցիկների ձայնագրությունները։ Դրանք համարվում են գործով կարևոր ապացույցներ։ Քննչական կոմիտեն մինչև այս պահն էլ չի հստակեցնում՝ արդյոք այդ սարքերը վերադարձվե՞լ են իրավապահներին։
Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն այսօր հրաժարվեց հարցազրույց տալ, ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, թե «կողուպուտ» բառն իրավական սխալ գնահատական է. - «Խնդրել են ու համապատասխան աշխատակիցը տրամադրել է տեսագրությունը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ծաղկաձորի միջադեպից 1.5 ամիս անց իրավապահները դեռ փնտրում են Նվեր ԾառուկյանինՉնայած դատարանի կողմից Ծառուկյանի կալանավորման որոշմանն ու հայտարարված միջպետական հետախուզմանը՝ Նվեր Ծառուկյանը շարունակում է գտնվել Հայաստանի սահմաններից դուրս:
«Հայաստանի իրավապահ մարմինների անգործության հետևանք է»
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է՝ Նվեր Ծառուկյանը միակը չէ, որին հաջողվել է քերական գործերի հարուցումից հետո լքել Հայաստանի տարածքը:
Այս պահին Ռուսաստանում են նաև 2018-ի հեղափոխությունից հետո, քրեական տարբեր գործերով անցնող ու հետախուզման մեջ գտնվող մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, օրինակ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Միքայել Հարությունյանը և այլոք: Ռուսաստանը չի վերադարձնում նրանց Հայաստանի իրավապահներին:
Իրավապաշտպանի որակմամբ՝ սա Հայաստանի իրավապահ մարմինների հանցավոր թողտվության կամ անգործության հետևանք է, հարցնում է՝ իսկ ինչպե՞ս են նրանք, այդ թվում՝ Նվեր Ծառուկյանը հատել Հայաստանի սահմանը:
«Բելառուսի ռեժիմը պուտինյան ռեժիմի հովանավորությամբ գոյություն ունի: Ախր, մինչև Ռուսաստան կամ Բելառուս հասնելը նրանք պետք է Հայաստանի Հանրապետության սահմանը անցնեին, սահմանային ռեժիմը հսկում էին և՛ սահմանապահ ծառայությունը, և՛ ոստիկանության աշխատակիցները, որոնք օպերատիվ հետախուզական միջոցառումներ պետք է իրականացնեին: Այնպես որ հարցերը մինչև Ռուսաստանի կամ Բելառուսի իշխանություններին հասցեագրելը առաջին հերթին հասցեագրում եմ մեր իրավապահ մարմիններին: Հիմա գնանք ասենք՝ Ռուսաստան ինչի՞ չես վերադարձնում, բայց, կներեք, այնտեղ ի՞նչ գործ ուներ, որ մի հատ էլ վերադարձնելու համար դիմեն», - ասաց Սաքունցը:
Իրավապահներն այդպես էլ չեն հստակեցնում՝ արդյոք հայկական կողմը պաշտոնապես դիմե՞լ է Ռուսաստանի կամ Բելառուսի իրավապահներին՝ Ծառուկյանին արտահանձնելու խնդրանքով: Արթուր Սաքունցը կարծում է՝ եթե քրեական գործով անցնող շարքային քաղաքացին փորձեր Հայաստանի սահմանը հատել՝ անմիջապես կձերբակալվեր, պնդում է՝ պետք է թերացող պաշտոնյաները պատժվեն:
«Դա նենց բան չի էլի, ասենք, ոչ հայտնի քաղաքացու դեպք չի, որ ասենք, չեն ճանաչում կամ չեն իմացել: Եթե չեն էլ իմացել, ավելի վատ: Հիմա թե ինչով է դա դրսևորվել՝ ծանոթ լինելով, կապերով, թե ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ և այլն, դա արդեն 2-րդ հարցն է: Բայց այս ամենը պետք է քննության առարկա դառնան, մեկը չի, երկուսը չի, երեքը չի», - ասաց Սաքունցը:
Նվեր Ծառուկյանը բաժնետեր է հոր՝ Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպ» հոլդինգում։ Չնայած Ծառուկյան-Լուկաշենկո մտերիմ հարաբերություններին, «Ազատության» հետ զրույցում Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը պնդում էր՝ Ռուսաստան և Բելառուս գործուղման մեկնած կրտսեր Ծառուկյանն արտոնյալ կարգավիճակ չունի: Փաստաբանն այսօր այդպես էլ չասաց՝ շուրջ մեկ տարի ձգվող գործուղումը ե՞րբ կավարտվի: