Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու մյուսների գործով մեղադրյալ Տիգրան Գալստյանի կալանքը ևս երկարաձգվեց երեք ամսով: Դատախազ Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց դատարանին երկարաձգել կալանքը, պնդեց` նա ազատության մեջ կխոչընդոտի քննությանը, կթաքնվի, և կա ռիսկ, որ նոր հանցանք կկատարի:
Թե՛ մեղադրյալը, թե՛ նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը հերքեցին վերագրվող հանցանքը, պնդեցին, որ անգամ հիմնավոր կասկած չկա, մեղադրանքի հիմքում դրվել է հեռախոսային մի խոսակցություն՝ ծուխ բերել-չբերելու մասին: Այսպես կոչված «գենդեր փարթիի» ծխի մասին է խոսքը, ասաց փաստաբանը:
Մեղադրյալ Կարո Օլումուշյանը ևս երեք ամիս կանցկացնի բանտում: Փաստաբանն ասաց՝ նրա մեղքն այն է, որ մեղադրյալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդն է: Նրան վերագրվում է 60 գործողություն, բայց որևէ մեկի հետ առնչություն չունի, պնդեց փաստաբանն ու առաջարկեց մեկուկես միլիոն դրամ գրավ՝ պաշտպանյալի ազատության կամ տնային կալանքի համար:
Երեկ ևս երեք ամսով կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանն ասաց` իր վարորդը կապ չունի որևէ գործողության հետ, առհասարակ չի հետաքրքրվում քաղաքականությամբ: Մինչդեռ դատախազը հակադարձեց`կա ռիսկ, որ ազատության մեջ կխոչընդոտի քննությանը, կթաքնվի և նոր հանցանք կգործի:
Տիգրան Թոփալյանի մասով դատախազ Ծովակ Մնացականյանն ասաց` այս և մյուս մեղադրյալները չեն հասցրել ավարտել նախապես պլանավորած հանցագործությունը, և ազատության մեջ հայտնվելով՝ նա կարող է ավարտին հասցնել այն: Ուստի, պետք է մնա կալանքի տակ, դատարանին վստահեցնում էր դատախազը:
Մինչդեռ փաստաբանը հակադարձեց` Թոփալյանին մեղսագրվող արարքը հստակեցված չէ, պարզ չէ, թե կոնկրետ նա ինչ հանցավոր արարք է արել: Նրան մեղսագրվում են խոսակցություններ, հավաքներին մասնակցելու քննարկումներ: Այս գործով փաստաբանները պնդում են` մեղադրյալին վերագրվող ոչ մի կոնկրետ գործողություն մեղադրականում նշված չէ, մեղադրանքն ընդհանրական է:
Դատարանը որոշեց Թոփալյանին ևս երեք ամիս պահել կալանքի տակ:
Բագրատ Գալստանյանի ու մյուսների գործով 18 մեղադրյալներից արդեն 9 հոգու կալանքը երկարաձգվեց: Եվս երեք մեղադրյալ տնային կալանքի տակ է:
Գալստանյանն ու նրա թիմակիցները մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար, մեղքը չեն ընդունում։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու նրա 17 համախոհները այս քրեական գործը համարում են շինծու: